
Հակատարիքային խնամք. երբ սկսել և ինչ բաղադրիչներ ընտրել
Մաշկի խնամքը մեր առողջության ու գեղեցկության անբաժանելի մասն է, բայց տարիքի հետ մաշկը սկսում է կորցնել իր առաձգականությունն ու փայլը, որի արդյունքում երևում են տարիքային փոփոխությունները։
Հակատարիքային խնամքի մասին առասպելներ են պտտվում, բայց կարևոր հանգամանք է, որ հակատարիքային խնամքը նախատեսված է ոչ միայն խնդիրները վերացնելու, այլև դրանք կանխարգելելու համար։
Եկեք հասկանանք, թե երբ է պետք սկսել հակատարիքային խնամքը, ինչ բաղադրիչների վրա սևեռել ուշադրությունը, և որ տարիքից է պետք խնամքում ներառել հակատարիքային բաղադրիչներ։
Ե՞րբ է ահրաժեշտ կիրառել հակատարիքային խնամքը
Շատերը սխալմամբ կարծում են, որ հակատարիքային խնամքը սկսվում է միայն 35-40 տարեկանից հետո, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս կանխարգելիչ քայլեր ձեռնարկել սկսած 25 տարեկանից, քանի որ հենց ադ տարիքում մեր օրգանիզմում սկսում է նվազել կոլագենի արտադրությունը, որն իր հերթին պատասխանատու է մաշկի առաձգականության համար։
Տարիքային խմբերը և խնամքի առանձնահատկությունները
20-25 տարեկան
Այս տարիքում մաշկն ունի բնական փայլ ու առաձգականություն, քանի որ կոլագենի և էլաստինի արտադրությունը դեռևս կայուն է։ Այնուամենայնիվ, այս փուլում շատ կարևոր է կենտրոնանալ կանխարգելման վրա։
- Խոնավեցում
Օգտագործեք թեթև խոնավեցնող քսուքներ՝ հիալուրոնաթթվով և գլիցերինով, որոնք օգնում են պահպանել մաշկի ջրային հավասարակշռությունը։
- Արևապաշտպան
Ամենօրյա կիրառման համար պարտադիր է SPF 30 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուքը՝ կանխելու վաղաժամ կնճիռների և պիգմենտային բծերի առաջացումը։
- Մաքրում
Ընտրեք նուրբ մաքրող միջոցներ (օրինակ՝ փրփուր կամ գել), որոնք չեն չորացնում մաշկը։
Ինչի՞ց խուսափել
Խուսափեք ուժեղ հակատարիքային բաղադրիչներից, ինչպիսիք են ռետինոլը կամ AHA թթուները, քանի որ դրանք դեռևս անհրաժեշտ չեն և 25 տարեկանում նմանօրինակ բաղադրիչներն անհրաժեշտ է օգտագործել միայն մասնագետի ցուցումներով։
25-35 տարեկան
Այս փուլում մաշկի վերականգնման գործընթացները սկսում են դանդաղել, իսկ արտաքին գործոնները (արևի ազդեցություն, աղտոտվածություն, սխալ սննդակարգ) կարող են իրենց հետևանքները թողնել։ Կարևոր է խնամքի միջոցներում ներառել հակաօքսիդանտներ։
- Հակաօքսիդանտներ
Օգտագործեք վիտամին C-ով, վիտամին E-ով կամ նիացինամիդով հարուստ շիճուկներ, որոնք պաշտպանում են մաշկը՝ հաղորդելով պայծառ տեսք։
- Նուրբ հակատարիքային միջոցներ
Փորձեք ներառել ռետինոլի ցածր կոնցենտրացիաներ (0.2%-0.5%), որոնք խթանում են բջիջների նորացումը և կանխում կնճիռների առաջացումը։
- Խորը խոնավացում
Ընտրեք միջոցներ հիալուրոնաթթվով և պանտենոլով ՝ մաշկի խոնավությունը պահպանելու համար։
Լրացուցիչ խորհուրդ
Աչքերի շուրջ նուրբ մաշկն արդեն կարող է դրսևորել առաջին բարակ գծերը, ուստի օգտակար կլինի աչքի քսուք կիրառելը։
35-45 տարեկան
Այս փուլում մաշկը սկսում է կորցնել իր բնական ամրությունը, քանի որ կոլագենի և էլաստինի արտադրությունը զգալիորեն նվազում է։ Մաշկին անհրաժեշտ է խնամք, որը կպահպանի առաձգականությունը և կվերականգնի խոնավությունը։
- Կոլագենի խթանում
Շեշտը դրեք ռետինոլի (0.5%-1%), պեպտիդների և AHA թթուների (ալֆա-հիդրօքսի թթուներ, օրինակ՝ գլիկոլաթթու) վրա, որոնք խթանում են կոլագենի արտադրությունը և հարթեցնում մաշկի կառուցվածքը։
- Հակաօքսիդանտներ
Պահպանեք վիտամին C-ի կիրառումը՝ մաշկի գույնի հավասարեցման և փայլ հաղորդելու համար։
- Խոնավեցում և վերականգնում
Օգտագործեք հագեցած խոնավեցնող միջոցներ, որոնք պարունակում են հիալուրոնաթթու, ցերամիդներ և հակատարիքային յուղեր (օրինակ՝ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ՝ վերամշակված տարբերակով)։
Ավելացրեք գիշերային խնամք
Գիշերային քսուքները, որոնք պարունակում են սնուցող բաղադրիչներ, օգնում են վերականգնել մաշկի կառուցվածքն ու թարմությունը քնի ընթացքում։
45+ տարեկան
45-ից հետո մաշկն ավելի զգալի փոփոխություններ է կրում. այն դառնում է բարակ, ավելի չոր և կորցնում է բնական խտությունը։ Հակատարիքային խնամքը պետք է լինի ուժեղացված և համալրված վերականգնող բաղադրիչներով։
- Կառուցվածքի վերականգնում
Օգտագործեք պեպտիդներով, ռետինոլով (1%-ից բարձր) հարուստ միջոցներ, որոնք վերականգնում են մաշկի խտությունն ու ամրությունը։
- Խորը սնուցում
Ընտրեք յուղոտ և հագեցած քսուքներ՝ ներառյալ սկվալան, կարիտե յուղ (շիի յուղ) կամ հիալուրոնաթթու։
- Գերհակաօքսիդանտներ
Ավելացրեք միջոցներ, որոնք պարունակում են կոենզիմ Q10, վիտամին E, նիացինամիդ՝ պայքարելու բջիջների օքսիդատիվ սթրեսսի դեմ։
- Լուսարձակող բաղադրիչներ
Մաշկի տոնուսը բալանսավորելու և պիգմենտացիան նվազեցնելու համար կիրառեք AHA թթուներ և վիտամին C։
Հակատարիքային խնամքի հիմնական բաղադրիչները
Ռետինոլ (A վիտամին)
Ռետինոլը հզոր բաղադրիչ է, որն արագացնում է բջիջների նորացումը, նվազեցնում է կնճիռները և մաշկին հաղորդում առաձգականություն։
Ովքե՞ր կարող են օգտագործել։
Սկսած 25 տարեկանից՝ 0.2%-0.5%։
Հիալուրոնաթթու
Այն խորը խոնավեցնում է մաշկը և պահպանում դրա փափկությունը՝ կանխելով չորության հետևանքով առաջացած բարակ գծերը։ Հիալուրոնաթթվի պարունակությամբ միջոցներ կարելի է օգտագործել ամեն օր՝ առավոտյան կամ երեկոյան։
Վիտամին C
Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկը՝ խթանելով կոլագենի արտադրությունը։ Այն կարելի է կանոնավոր օգտագործել առավոտյան և երեկոյան։
Պեպտիդներ
Պեպտիդները օգնում են վերականգնել մաշկի կառուցվածքը՝ խթանելով կոլագենի և էլաստինի արտադրությունը։
SPF (Արևապաշտպան քսուքներ)
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից են։ SPF-ով քսուքը պաշտպանում է մաշկը պիգմենտացիոն բծերից և կնճիռներից։
Հակատարիքային խնամքի առանձնահատկություններ ըստ մաշկի տեսակի
Չոր մաշկ
Կենտրոնացեք խոնավացման վրա։ Քսուքների բաղադրության մեջ փնտրեք հիալուրոնաթթու, գլիցերին և կերամիդներ։
Յուղոտ մաշկ
Ընտրեք թեթև, ոչ կոմեդոգեն նյութեր՝ գելի կամ սերումի հիմքով։ Կարող եք ներառել սալիցիլաթթու կամ նիացինամիդ։
Զգայուն մաշկ
Կանխեք բորբոքումները՝ հակաօքսիդանտներ և հանգստացնող բաղադրիչներ (օրինակ՝ ալոե վերա, պանտենոլ) կիրառելով։
Մաշկի խնամքի ռեժիմ
- Քայլ 1. Մաքրման փուլ
Օգտագործեք նուրբ մաքրող գել կամ փրփուր՝ մաշկի բնական պաշտպանիչ շերտը չխախտելու համար։ - Քայլ 2. Տոնիզացում
Տոները վերականգնում է մաշկի pH հավասարակշռությունը և նախապատրաստում հաջորդ քայլին։ - Քայլ 3. Շիճուկ (Serum)
Շիճուկները հարուստ են ակտիվ բաղադրիչներով, ինչպիսիք են՝ ռետինոլը, վիտամին C-ն կամ հիալուրոնաթթուն։ - Քայլ 4. Խոնավացում
Օգտագործեք խոնավացնող քսուք՝ ըստ մաշկի տեսակի և կարիքների։ - Քայլ 5. SPF
Առավոտյան խնամքի վերջին փուլը արևապաշտպան քսուքն է։ Ընտրեք SPF 30 կամ ավելի բարձր։